
Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Արտոնագրային վճարումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունն ԱԺ նիստերի դահլիճում խառնաշփոթ առաջացրեց:
Առաջին քվեարկության արդյունքներով նախագիծն անցավ, ինչը ոգևորեց ԲՀԿ-ական պատգամավորներին. վերջիններս անգամ ծափահարեցին: Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց վերաքվեարկություն ձևակերպել, քանի որ տեխնիկական խնդիր կա:
«Զարմանում եմ, թե ինչպես նման փոքր հնարավորությունից կարելի է ուրախանալ, եթե նման բաներ կա, ասեք՝ հաճախակի անենք, ծափահարելը որն է, կանենք հաճախակի»,- ասաց ԱԺ նախագահը:
Շարմազանովն՝ ի պատասխան դահլիճում պատգամավորների հավատացումներին, պնդեց, որ նախագիծն ամեն դեպքում չի անցել:
Վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Հարգելի՛ նիստը նախագահող, խնդրում եմ հիմնավորեք կրկնակի քվեարկությունը»:
Նրան ի պատասխան՝ Շարմազանովն ասաց. «Ձեր խմբակցության երկու հոգի սխալ է քվեարկել, մեր խմբակցությունից՝ վեց հոգի, դրա համար է վերաքվեարկություն»:
Ձայն խնդրեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով էլ պահանջեց հղում անել ԱԺ կանոնակարգում, թե որտեղ կա «սխալ քվեարկություն» տերմինը:
ԱԺ նախագահը նշեց, թե կարող է ինքը հղում անել և հավելեց՝ նիստը նախագահողը պետք է ապահովի ԱԺ բնականոն աշխատանքը:
«Քանի որ չի աշխատել սարքավորումը, մենք նորից ենք քվեարկում: Եվ հետո, նախագիծն այսպես թե այնպես չէր անցել, ի՞նչն է խնդիրը, չեմ հասկանում»,- ասաց նա:
Երկրորդ քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց՝ կողմ 39, դեմ 62, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատել, խնդրում եմ նորից քվեարկեք»,- ասաց ԱԺ փոխնախագահը: