ԵԱՀԿ ԶԼՄ հարցերով ներկայացուցիչ Դունյա Միայատովիչը սեպտեմբերի 30-ին դիմել է Հայաստանի իշխանություններին' կոչ անելով պատասխանատվության կանչել լրագրողների դեմ իրականացված հարձակումների պատասխանատուներին:

 

Մամուլի հրապարակումների համաձայն' սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խանգարել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը' խլելով նրա ձայնագրիչը, երբ վերջինս Երևանում մոտեցել էր նրան հարց տալու համար: Հասարակական գործիչը հրահանգել է իր թիկնապահներին հեռացնել լրագրողին տարածքից: Իսկ երբ Հովհաննիսյանը փորձել է ձեռքի հեռախոսով լուսանկարել, թիկնապահները խլել են հեռախոսը և ջնջել լուսանկարները:

 

«Ինձ մտահոգում է վերջերս Հայաստանում լրագրողների դեմ իրականացվող հարձակումների քանակը և անպատժելիության մթնոլորտին վերջ տալու արդյունավետ միջոցների պակասը: Հույս ունեմ, որ Հովհաննիսյանի դեմ հարձակումները պատշաճ կերպով կարձագանքվեն իրավապահների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում նշել է Միյատովիչը:

 

Նա նաև իր հիասթափությունն է հայտնել, որ Հատուկ հետաքննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ա1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի դեպքի կապակցությամբ, որի հարցը Միյատովիչը սեպտեմբերի տասին քննարկել էր իշխանությունների հետ: Նա մտահոգություն է հայտնել, որ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի վրա կատարված հարձակման և կալանքի հարցը, որ բարձրացվել էր փետրվարի 14-ին, կարճվել է:

 

«Կոչ եմ անում իշխանություններին համարժեք կերպով և ժամանակին անդրադառնալ այս հանցագործություններին: Անպատժելիությունը կարող է ծնել ավելի շատ բռնություն, և սառեցնող ազդեցություն ունենալ մեդիայի և խոսքի ազատ արտահայտման վրա»,- գրել է Միայտովիչը: