ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար: ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարության որոշմամբ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող այս ընկերությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միակն է, որ արտադրում է ալյումինե փայլաթիթեղ: Ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Այժմ նախատեսվում է տեխնիկապես վերազինել միջանկյալ թրծաթողման տեղամասը և վերակառուցել փայլաթիթեղի երկայնական կտրման մեքենաներից մեկը: Դրա շնորհիվ ակնկալվում է տարեկան լրացուցիչ թողարկել 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ:
Նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այդ փաստաթուղթը համապատասխանեցրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, որով կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության հավաստիությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության անաչառ գնահատումը: