Երևանում են հավաքվել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից: Նրանք մասնակցում են «Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-ին:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ' գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Մեզ համար սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում մեկնարկել է «Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, որը, հիմնականում, լուսաբանում է այն նոր և արդիական մոտեցումները, որ կան այս ոլորտում: Մեզ համար ավելի քան հետաքրքիր է այս գիտաժողովը' հաշվի առնելով այն, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է' գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»: Այն հաջողությունները, որ ձեռք են բերվել այս կազմակերպության մեր մասնագետների կողմից, հույս են տալիս, որ Հայաստանը երբևէ կդառնա տարածաշրջանային կենտրոն»,- ասաց նախարարը:

 

Նրա խոսքով' գիտաժողովի ժամանակ փորձի փոխանակումը, գիտելիքների և պրակտիկ գործունեության հետ կապված խնդիրների քննարկումները կարող են բարձրացնել նշաձողը, որին ձգտում է Հայաստանը: «Սա վերաբերում է նաև մասնագիտական վերապաստրաստումներին, գիտական նորամուծություններին: Ես հուսով եմ, որ նման քննարկումների արդյունքում կստանանք նոր մոտեցումներ, փորձի փոխանցման առումով կստանանք որոշակի վրիպումների ու հաջողությունների վերլուծություններ: Համոզված եմ, որ այս աշխատանքի արդյուքնում ստացված բոլոր մոտեցումները կկիրառվեն բժշկական առօրյայում »,- հավելեց Արմեն Մուրադյանը:

 

Նախարարը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց հաջողություն և արգասաբեր աշխատանք' խորհուրդ տալով վայելել նաև հիասքանչ Հայաստանը:

 

Գիտաժողովն անցկացվում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

 

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 1999-ին լեյկոզով և արյան մի շարք հիվնադություններով տառապող հիվանդների կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների (մասնավորապես' ոսկրածուծի, ցողունային բջիջների փոխպատվաստման) կիրառման և տրանսպլանտալոգիայի զարգացմանը նպաստելու նպատակով:

 

EFI-ն գործում է 1970-ականներից, նպատակն է համախմբել իմունոգենետիկայի բնագավառի կենտրոններին ու մասնագետներին, պարբերական ժողովների միջոցով նրանց միջև կապ և համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները և ստեղծել մասնագիտական, տեղեկատվական ու փորձի փոխանակման ցանց: