«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանը մեծ անակնկալ է մատուցել սիրողական մակարդակի և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի' դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը:

 

Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը շնորհավորել է բոլոր հեծանվորդներին երթուղու բացման կապակցությամբ, հորդորել զգույշ և ուշադիր լինել հեծանիվ վարելու ընթացքում և նշել, որ նոր հեծանվուղիներ բացելու քաղաքապետարանի և գործընկեր կառույցների նախաձեռնությունները, ըստ ամենայնի, շարունակական կլինեն: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին' համատեղ ծրագրեր իրականացնելու գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար:

 

Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչև Էրեբունի փողոցի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և հետադարձ ուղղությամբ կազմված երթուղու ողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության մեքենաները: Երթն անցել է առանց միջադեպերի: Այս երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով: Երթի հետադարձ ճանապարհին' Ազատության հրապարակում, տեղի է ունեցել շոու ծրագիր, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած արհեստավարժ հեծանվորդներ, ովքեր հատուկ պատրաստված հարթակների վրա ներկայացրել են բարդ հնարքներ, այնուհետ երևանցի հեծանվորդներին ուսուցանել հնարքների մի քանի պարզ տարատեսակներ: