ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Դիլիջանում ներկա է գտնվել քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնությ ան հետ կապերի բաժնից:

 

Փոխվարչապետը շնորհավորել է դիլիջանցիներին տոնի, ինչպես նաեւ համայնքային նոր կրթօջախի բացման կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ հարմարավետ, անհրաժեշտ գույքով ապահովված դպրոցում սաները լավ կրթություն ստանալու հնարավորություն կունենան : Փոխվարչապետը նաեւ ողջունելի է համարել համայնքի լուրջ մասնակցությունը ծրագրի իրականացմանը, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ համայնքը կարողանում է սեփական ուժերով համայնքային նշանակության կոնկրետ խնդիրներ լուծել:

 

Դպրոցի վերակառուցման եւ կահավորման համար ընդհանուր առմամբ պահանջվել է շուրջ 77 մլն դրամ, որի հիմնական մասը՝ 42 մլն դրամը, հատկացրել է համայնքը, մնացած մասը տրամադրել են Դիլիջանի զարգացման հիմնադրամն ու «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը:

 

Փոխվարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: Ներկայումս դպրոցն ունի ավելի քան 60 սան: Նոր պայմանները թույլ են տալիս նաեւ դպրոցում կազմակերպել արհեստագործական դասընթացներ:

 

Ա. Գեւորգյանն այնուհետեւ ներկա է գտնվել Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) համալիրում կազմակերպված «բաց դռների օր» միջոցառմանը, որի ընթացքում հրավիրյալներին ու դիլիջանցիներին ներկայացվել են կրթահամալիրի պայմաններն ու հնարավորությունները: