Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածում աշխատում են ՀՀ տարբեր գերատեսչությունների մասնագետները: Պատճառը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած քարաթափումն է, որի արդյունքում փլուզվել էր ճանապարհի վերին շեպը (զառիկող)' մոտ 400 խմ ՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։

 

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ գիշեր իրականացրած օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ լուսադեմին ճանապարհն արդեն մաքրվել էր քարերից և ամբողջությամբ երթևեկելի էր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, փլուզման վտանգը վերացված չէ։ Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում աշխատել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։ «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության ղեկավար Արայիկ Վարդանյանը տ եղեկացրել է, որ օրվա ընթացքում չի դադարել մանր քարերի հոսքը։

 

«Ճանշին»-ի աշխատակիցների կողմից սահմանված է հերթապահություն, ճանապարհն, ըստ անհրաժեշտության, անընդմեջ մաքրվում է՝ ապահովելով տրանսպորտային միջոցների ազատ երթևեկը։

 

Տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում առաջարկվել են խնդրի ժամանակավոր, ինչպես նաև վերջնական լուծման տարբերակներ։ Լանջի թեքությունն ապահովելու, ճանապարհի այս հատվածում հետագա քարաթափումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ։ Իսկ մինչ այդ՝ ճանապարհը կլինի ճանապարհաշինարարների հսկողության ներքո։