«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է օրվա կարևորագույն նորությունները.


Ծանր վիրավորվել է ԴԺՀ Մեդիայի նախարար Ելենա Նիկիտինան

 

Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության Մեդիաի նախարար Ելենա Նիկիտինան լուրջ վնասվածքներ է ստացել հրադադարի համաձայնության ուժի մեջ մտնելուց քիչ առաջ:

Միջադեպը տեղի է ունեցել Պրոկոֆևի անվան օդանավակայանի մոտակայքում տարածաշրջանի ժողովրդի համար նախատեսված մարդասիրական օգնության բեռնաթափման ընթացում, փոխանցել է «Ինտերֆաքսը»:

 

***

 

Բարեգործական հանդիպում-համերգ «Ջամբո» համալիրում՝ հաշմանդամություն ունեցող 150 երեխայի ընտանիքներին օգնելու նպատակով

 

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, «Ջամբո» համալիրում տեղի կունենա բարեգործական հանդիպում-համերգ, որը կազմակերպվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ստացված հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու երեխաներին օգնելուն:

 

Հանդիպում-համերգի կազմակերպիչներն են «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը և սիրված երգահան Արմեն Մարտիրոսյանը: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արտյոմ Վարդանյանը նշել է, որ անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունը պարտադիր չէ՝ լինի միայն ֆինանսական: Կարևորն աջակցության գաղափարն է և այդ ընտանիքների կողքին լինելու պատրաստակամությունը:

 

Կայանալիք բարեգործական հանդիպում-համերգի վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց ճանաչված երգահան Արմեն Մարտիրոսյանի հետ:

 

Պարոն Մարտիրոսյա՛ն, կպատմե՞ք «Հայ մայրեր» հասարական կազմակերպության, «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու և ձեր նախաձեռնության մասին:

 

Բոլորը գիտեն, որ Հայաստանում կան անապահով ընտանիքներ, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Երկու տարի առաջ անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների մայրերը միացել և ստեղծել են հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Հայ մայրեր»: Այն արդեն բավականին հայտնի է, և շատ միջոցառումներ են եղել իրենց հետ կապված:

 

Ձորաղբյուրում մեկ տարի առաջ ստեղծվել է էկզոտիկ կենդանաբանական այգի՝ «Ջամբո»–ն, որն արդեն բավականին հայտնի է Հայաստանում: Հիմնադիրն իմ մանկության ընկեր Արտյոմ Վարդանյանն է: Արտյոմը ժամանակին հետաքրքրվեց այդ երեխաներով, սկսեց հրավիրել «Ջամբո» համալիր՝ կենդանիների հետ շփվելու. երեխաների համար նաև կազմակերպվում էին զանազան միջոցառումներ:

 

Ի՞նչ են տալիս երեխաներին նման շփումները:

 

Այդ՝ երեխաների և կենդանիների շփումը շատ հստակ թերապևտիկ նշանակություն ունեցավ նրանց համար: Սա գիտականորեն վաղուց արդեն ապացուցված փաստ է, թե ինչպես են հիվանդ երեխաները ձիերի հետ շփվելուց դրական լիցքեր ստանում, և դա ուղղակիորեն ազդում է նրանց առողջական վիճակի բարելավման վրա:

 

Առաջիկայում նախատեսված է հանդիպում-համերգ երեխաների հետ: Կպատմե՞ք՝ ինչպես ծագեց միտքը և ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:

 

Մեզ մոտ գաղափար ծագեց, ինչու չէ, ավելի լայն արձագանք ստանալու հասարակության մեջ, որովհետև մեր հասարակությունը նման հարցերով զբաղվելու համար պարզապես քնած է: Ես տարբեր երկրներում տեսել եմ և նախանձով էի նայում, թե ինչպես էին հաշմանդամները նույնքան լիարժեք հասարակության անդամ իրենց զգում, ինչպես սովորական մարդիկ. երբեք չեն ընկճվել, ամեն տեղ առավելություն են ունեցել:

 

Մեզ մոտ, իհարկե, դա ցավոտ թեմա է, և որոշեցինք մի միջոցառում կազմակերպել, որին կհրավիրեմ արվեստի աշխարհի հայտնիներին, Արտյոմն էլ գործարար աշխարհից կհրավիրի գործարարների, բարերարների:

 

Կկազմակերպենք հանդիպում-համերգ երեխաների հետ, այնտեղ փոքր շոու ծրագիր կմշակենք, անպայման ԶԼՄ-ներին կհրավիրենք, և հենց տեղում գործարարները հանգանակություն կանեն ուղղակիորեն հենց երեխաների, այսինքն՝ նրանց մայրերի համար, որովհետև շատերը գործողության կարիք ունեն հենց այս պահին և միջոցների բացակայության պատճառով, բնականաբար, չեն կարողանում իրականացնել հրատապ բուժօգնությունը:

 

Արտյումն արդեն երկու երեխաների գործողության գումարը տվել է: Ես սկսեցի զանգահարել արտիստներին և զարմացա, թե ինչ հեշտ էին համաձայնվում, պարզապես այդ փոքրիկ միջոցառումը դարձավ մի ահռելի բան: Սիրով համաձայնվեց նաև ՀՀ առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարարը, նաև տարբեր պետական ատյանների ենք ուղարկել հրավիրատոմսեր:

 

Եթե նման միջոցառումները շատ լինեն, արդեն այս խնդիրն առաջ կքաշվի: Հասարակական կազմակերպություններ պետք է ստեղծվեն, հանգանակություններ պետք է կատարվեն, և կունենանք առողջ հասարակություն: 150 երեխա լուռ տառապում է իրենց մայրերի, ընտանիքների հետ:

 

Ի՞նչ ակնկալիքներ կան միջոցառումից և ի՞նչ կտա այն հայ հասարակությանը։

 

Ես հավատում եմ, որ մենք՝ հայերս, շատ սրտացավ ենք միմյանց նկատմամբ, երբ տեսնում ենք խնդիրը, և պատրաստ ենք միշտ ձեռք մեկնել մեր դիմացինին: Մեր ազգային այդ ջերմ հատկանիշից ելնելով՝ ես կարծում եմ, որ նախևառաջ մարդիկ կխոսեն այդ իրադարձության մասին, և հետո ավելի հեշտ կլինի կազմակերպել նման երեկոներ, և հանգանակություններ կլինեն:

 

Մի դեպք առանձնացնեմ: Վերջերս ներկա գտնվեցի մի 50-ամյակի տոնախմբության, որտեղ ինքը՝ հոբելյարը, հայտարարեց, որ իրեն նվերներ չտան, և դրա համար նախատեսված գումարը գցեն համապատասխան արկղիկի մեջ՝ հանգանակություն անելով: Լավ կլինի՝ այսպիսի միջոցառումները շատ լինեն:

 

Նշենք նաև, որ միջոցառումը տեղի կունեն «Ջամբո» համալիրում՝ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին:


***



Բասկետբոլիստը կրակել է իր կնոջ վրա ու ինքնասպան եղել



33-ամյա լիտվացի բասկետբոլիստ Մարտինաս Անդրուկայտիսը կրակել է իր 42-ամյա կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել Ռիգայում:

Մարզիկը մահացել է հիվանդանոցում: Բժիշկները նրան հոսպիտալացրել են ծանր անգիտակից վիճակում, բայց չեն կարողացել փրկել:

Մարտինաս Անդրուկայտիսի կնոջ և դեռևս կենդանի մնացած բասկետբոլիստի մարմինը հայտնաբերել է նրանց 14-ամյա որդին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինքնասպանություն գործած մարզիկը խաղացել է «Рижский СКА» և «Лиепая» թիմերում, իսկ 2013 թ.-ին, եզրափակելով կարիերան, ընդունվել է Ադաժի գյուղի թիկնապահական ընկերություն:

 

***

 

ԵԿՄ-ն, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին (տեսանյութ)

 

Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որն, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է առաքելությունը:

Ուշագրավ է, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ: Հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Ծաղկադրումներ, ելույթներ, պարգեւների հանձնում, անդամության վկայականների տրամադրում:

Այսօր նմանատիպ միջոցառում էր Աբովյան քաղաքում: Տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ եւ պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով:

Այսօրվա միջոցառման ժամանակ հանդիսավորապես անդամատոմսեր հանձնվեց ԵԿՄ հարյուրավոր նորագիրներից մի քանի տասնյակին:

 

 

***

 

Պատահար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 80 TA 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորակը (մոտ 5 մ):

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ' Ռ. Ա.-ին (ծնվ. 1988 թ.) և ուղևոր' Ս. Ղ.-ին (ծնվ. 1988 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


***



«ԻՊ» գրոհայինները հավանաբար մահապատժի են ենթարկել լիբանանցի երկրորդ զինվորին



Աբբաս Մեդլեհը՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գերվածների թվում երկրորդ լիբանանցի զինվորը Սիրիային սահմանակից Արսալ քաղաքի վրա օգոստոսյան հարձակման ընթացքում, ենթադրաբար, սեպտեմբերի 6-ին գլխատվել է:

 

Գերու մայրը հայտնել է, որ որդուն ճանաչել են հաշվեհարդարի տեսարանի լուսանկարներում, որոնք համացանցում են հայտնվել:

 

«ԻՊ»-ն հայտարարության մեջ նշվում է, որ Մեդլեհն իբր փորձել է փախչել,ըստ «News.am»-ի՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախկինում գրոհայինները սպառնում էին երեք օրը մեկ գերի սպանել, եթե ազատ չարձակեն խմբավորման անդամների, որոնք լիբանանյան բանտերում են:

 

Արսալի վրա հարձակման զոհ է դարձել 20 լիբանանցի ուժային եւ 16 քաղաքացիական անց: Իշխանության տվյալների համաձայն՝ սպանվել է «մի քանի տասնյակ» հարձակվող:

 

29 գերիների մի մասը ենթադրաբար գտնվում է այլ ծայրահեղական խմբավորման ձեռքում, որը գործում է Սիրիայում՝ «Ֆրոնտա ալ-Նուսրա»:

 

Անցյալ շաբաթ գրոհայինները Կարմիր Խաչի միջոցով վերադարձրել են իրենց կողմից գլխատված լիբանանցի սերժանտ Ալի Սայեդի մնացորդները:

 

Բացի այդ, նրանք սպանել է նախկինում գերված ամերիկացի երկու լրագրողի: Նաժաթ Ջեյմս Ֆոուլին գլխատվել է օգոստոսին, Սթիվեն Սոթլոֆը՝ սեպտեմբերին:

 

Արսալի հարձակումն ամենալուրջ միջադեպն է դարձել լիբանանա-սիրական սահմանին վերջին տարիների ընթացքում: