Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի նախագծին:
Երեկ իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» նշանաբանով ներդրումային համաժողովում, ասել է, որ արդեն մոտենում է ավարտին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը և ակտիվորեն ընթանում է երկխոսությունը Ղրղըզստանի հետ։ Նա համոզմունք հայտնել, որ հեռանկարում այդ կառույցը կընդարձակվի։
Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, թե նպատակահարմար կլինի, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ համագործակցություն հաստատի եվրոպական և ասիական ինտեգրման կառույցների, հատկապես Եվրամիության հետ, որը Ռուսաստանի տնտեսական առաջատար գործընկերներից է։
«ՌԻԱ Նովոստին» վկայակոչել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասին, ով ասել է, թե արդեն հաջորդ շաբաթ Մինսկում կարող է ստորագրվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։
«Մինչև Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք գագաթնաժողովը բելառուսական կողմի համար կարևոր բոլոր հարցերը կլուծցեն, և Բելառուսը պատրաստ կլինի կնքել պայմանագիրը», - ասել է Ռումասը։
Պուտինը երեկվա հավաքում ասել է, որ 2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտնող Եվրասիական միության պայմանագրի հիմքում նույն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։
«Մենք ամեն ինչ կանենք Ռուսաստանը որպես ազատ տնտեսության երկիր կայացնելու համար, դա մեր ռազմավարական նպատակն է», - ասել է Պուտինը։
Իր երեկվա ելույթում նա խոսել է նաը տնտեսական պատժամիջոցների հետևանքների մասին՝ ասելով․ - «Այո, հիմա նկատվում են ուժեղ տատանումներ արտարժույթի շուկայում, շատ մեկնաբանություններ են արվում այդ թեմայով, բայց ուզում եմ ընդգծել կարևորը. կայունության հիմնարար գործոնները հզոր են և հուսալի, դրանք են' առանց պակասորդի պետական բյուջեն, պահուստային լուրջ միջոցները և վճարումների կայուն հավասարակշռությունը»։
Նա խոստովանել է, որ հիմա արձանագրվում է սղաճ, այն այսօր մոտ 8 տոկոս է, 2013-ին՝ 6,5 տոկոս էր։
«Պատճառն ակնհայտ է' պարենի գնաճը, փաստորեն, և դուք շատ լավ գիտեք, որ դա մեր սեփական ագրարային սեկտորը զարգացնելու լրացուցիչ խթան է», - ասել է Պուտինը։