ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», - նշել է նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը ընդգծել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառու յցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մյուժնիկսը դրական են գնահատել Հայաստան- Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարևորվել է ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի' Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։