Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Այն ալ Արաբ քրդական քաղաքում, թեժ մարտեր են ընթանում ԻԼԻՊ-ի և քրդական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումներն ընթանում են քաղաքի 50 շրջաններում: Տեղեկություններ կամ, որ Քրդական ժողովրդավարական միության կին անդամներից մեկն ինքնահրկիզվել է:
Հոկտեմբերի 6-ի գիշերը զոհվել են 15 քրդեր և ԻԼԻՊ-ի 27 անդամներ: Քաղաքը շարունակվում է ռմբակոծվել: Թուրքական աղբյուրների համաձայն՝ թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հրասանդ է ընկել, որի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացիներ են վիրավորվել:
Քրդական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի իր դաշնակիցների օդային հարվածները նպատակակետին չեն հասնում: Քրդական ինքնապաշտպանական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ը միայն օդային հարվածներով չի կարող հաղթել ԻԼԻՊ-ին, քանի որ նրանք, տեսնելով մոտեցող օդանավերը, թաքնվում են, ապա վերադառնում:
Ավելի քան 2 շաբաթ է, ինչ ԻԼԻՊ-ը ջնում է իր հսկողության տակ վերցնել Այն ալ Արաբ քաղաքը: Վերջին շրջանում իսլամիստները 3 կողմերից շրջափակել են քաղաքը և աստիճանաբար սեղմում են շրջափակման օղակը՝ փորձելով ամբողջովին հսկողություն հաստատել այնտեղ: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում հսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից:
Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: