Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի կեսերին, ենթադրվում է՝ 15-16-ին և, ինչպես միշտ, կողմերը կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Աբաշիձեի խոսքով՝ ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաները կլինեն առևտրական, մշակութային, մարդասիրական և տնտեսական հարցերը, ինչպես նաև երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման թեման: Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նշել է, «թե բացառված չէ, որ խոսք կլինի նաև Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին»:
Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ի պատասխան Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: