ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վարչակազմի անդամների հետ անցկացված հանդիպման ընթացքում քննարկել Է Էբոլա տենդի համաճարակի հետ կապված իրադրությունը, մասնավորապես, արծարծվել է երկրի տարածքում դրա տարածման դեմ պայքարի հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Մենք ուղեւորների նկատմամբ հսկողության լրացուցիչ կանոնների վրա կշարունակենք աշխատել ինչպես արտասահմանում, այնպես էլ ԱՄՆ-ում»,- ասել է Օբաման:
Խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա են եղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին, առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերվելը եւ բարձրաստիճան այլ անձինք:
Տեսակապի ռեժիմով խոսակցությանը մասնակցել է նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Հանդիպման մասնակիցները պետության ղեկավարին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի առողջապահության համակարգը պատրաստ է կանխել հիվանդության հնարավոր բռնկումը: Բացի այդ, նրանք նաեւ քննարկել են օդանավակայաններում բժշկական հսկողության ուժեղացման հարցը: «Արդյունքում նախագահը հավաստել է, որ այդ համաճարակը գլխավոր գերակայությունն է ազգային անվտանգության ոլորտում, եւ մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի պայքարենք դրա դեմ»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ավելի ուշ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Օբաման հայտարարել է, որ երկրում համաճարակի բռնկման հնարավորությունները «չափազանց փոքր են», բայց դա իշխանություններին սխալվելու իրավունք չի տալիս: Ընդսմին ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել ճնշումը խոշոր երկրների վրա, որպեսզի նրանք ավելի ակտիվորեն օգնություն ցուցաբերեն Արեւմտյան Աֆրիկայի՝ համաճարակի ճիրաններում հայտնված պետություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը, որը ներկայում շարունակվում է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, գերազանցել է 3,5 հազարը, վարակված է ավելի քան 7,5 հազար մարդ: Վիրուսից մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք պետությունների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: