Լիբերիայի, Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի նախագահները, երկրներ, որոնք առավել շատ են տուժել Էբոլա տենդի համաճարակից, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել են առաջընթացը մահացու հիվանդության դեմ մղվող պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Ինչպես ասել է Օբաման, թեեւ հիվանդանալու նոր դեպքերի թիվը կտրուկ նվազել է, միջազգային հանրակցությունը պետք է այսուհետեւ էլ աջակցություն ցուցաբերի տուժած երկրներին, քանի դեռ հիվանդացածների թվաքանակը չի հասել զրոյի:
ԱՄՆ-ի եւ աֆրիկյան երեք պետությունների նախագահները քննարկել են նաեւ հիվանդության նոր հնարավոր բռնկումների՝ համաճարակի վերաճումը կանխելու հնարավորությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 31 դեպք եւ վարակման 75 նոր դեպք: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 604 մարդ, վարակվել է 25 հազար 591 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայի վիրուսով վարակվել է քսան մարդ, ութը մահացել են: