Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին ի պատասխան միջոցառումների փաթեթը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների գրոհները և Թուրքիայում անցկացվելիք G-20 «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթաժողովի օրակարգը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախագահ Օբաման դատապարտել է հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Էրդողանին:

 

Առաջնորդները որոշել են Սիրիայում անցումային ժամանակաշրջանի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար մեծացնել ԻՊ-ի վրա ռազմական ճնշումը և Սիրիայի չափավոր ընդդիմությանն ուժեղացնելու նպատակով համապատասխան քայլեր նախաձեռնել:

 

Նախագահները կիպրոսյան հարցում դրական արդյունքների հասնելու համար պաշտպանել են բանակցային գործընթացը: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի մանրամասները:

 

Բացի այդ, Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդները համաձայնվել են, որ PKK-ն շտապ պետք է դադարեցնի իր գործողությունները Թուրքիայում: