Աֆրիկյան միությունը հայտարարել Է, որ կազմակերպության գործկոմի արտահերթ հանդիպում Է անցկացվելու Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար: Ադիս Աբեբայում (Եթովպիա) Միության կենտրոնակայանում տարածված հաղորդագրության մեջ նշվում Է, որ համաժողովը կկայանա սեպտեմբերի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

 

Հանդիպման օրակարգում տեղ Է գտել այդ հիվանդության տարածման զսպմանն ուղղված այնպիսի միջոցառումների հիմնավորվածության քննարկումը, ինչպիսիք են՝ ավիահաղորդակցության դադարեցումը, ինչպես նաեւ այն երկրների հետ ծովային ու ցամաքային սահմանների փակումը, որտեղ մոլեգնում Է համաճարակը:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգող Դեւիդ Նաբարոն հայտարարել է, որ վիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է հատկացնել 600 մլն դոլար: Դեռ անցած շաբաթ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն, այդ գումարը չէր գերազանցում 490 մլն դոլարը:

 

Իր հերթին ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը 42,3 մլն դոլար կծախսի վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի ստեղծման համար: Մինչդեռ Կանադան արդեն պատրաստ է ԱՀԿ-ին տրամադրել պատվաստանյութի առաջին նմուշները, բայց դժվարություններ ունի լոգիստիկայի հարցում:

 

Կանադայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շոն Անտոնի խոսքով՝ դեղը պետք է սառեցված վիճակում պահպանվի, որպեսզի չկորցնի իր հատկությունները:

 

Էբոլա տենդի բռնկումն սկսվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, ավելի ուշ վիրուսը տարածվել է հարեւան Աիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայում: Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ վտանգավոր հիվանդությունը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ Սենեգալ:

 

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ վիրուսն արդեն ավելի քան 1900 մարդու կյանք է խլել, իսկ ընդամենը գրանցված է հիվանդանալու ավելի քան 3,5 հազար դեպք: Միայն անցած շաբաթվա ընթացքում գրեթե 400 մարդ է զոհվել: