Չնայած նրան, որ գինու չարաշահումը ռիսկի գործոն է, այդ փաստը չի նշվում պիտակների վրա. ԵՄ-ում քաղցկեղի կանխարգելման միջոցառումների շրջանակում այժմ հատուկ ուշադրություն է դարձվում ալկոհոլային խմիչքներին։ Նաև ուշադրության կենտրոնում է սիգարետի այլընտրանքների պոտենցիալը, ծխելը թողնելու հարցում իրենց կարևոր նշանակության համար։
Իտալիայի Քաղցկեղի հետազոտման ասոցիացիայի տվյալներով տղամարդկանց մոտ քաղցկեղի՝ 10, իսկ կանանց մոտ 3 տոկոսը կապված է ալկոհոլի սպառման հետ։ Ալկոհոլային խմիչքները մարդկանց համար քաղցկեղածին են՝ բաղադրության մեջ էթանոլի և ացետալդեհիդի պարունակության պատճառով։ Մասնագետներն առաջարկում են փոխել ալկոհոլային խմիչքների պիտակները՝ դրանցում ներառելով բաղադրիչները, սննդաբանական տվյալները և մարդու առողջության համար ռիսկերը։
Գինեգոծության ոլորտը և վնասի նվազեցումը
Գինեգործության ոլորտը Իտալիայում տարեկան մոտ 12 մլրդ եվրոյի շրջանառություն ունի և ուղղակի կամ անուղղակի կերպով մոտ 1.3 մլն աշխատատեղ է ապահովում։ Գինիների պիտակավորման վերաբերյալ առաջարկությունները Ստրասբուրգում առաջացրել են մտավախություններ առ այն, որ նոր պիտակավորումը կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի վրա։ Ուստի որոշվել է, որ պիտակների վրա կլինի ալկոհոլի չափավոր սպառման վերաբերյալ տեղեկատվություն։ Պիտակների վրա նշվելու է նաև այն, որ ալկոհոլի չարաշահումը կարող է վտանգավոր լինել։
Նման մոտեցումն ուրախացրել է Իտալայում ոլորտի ներկայացուցիչներին։ Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) նախկին նախագահ, ներկայումս ԵԽ պատգամավոր Անտոնիո Տայանին նշում է, որ քաղցկեղի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցում կարողացել են պաշտպանել գինեգործության ոլորտը՝ հստակ տարանջատում մտցնելով ալկոհոլի օգտագործման և չարաշահման միջև։
«Կոլդիրետի» ընկերության նախագահ Էտտորե Պրանդինին շնորհակալություն է հայտնել իտալացի խորհրդարանականներին և հավելել, որ ԵԽ-ն պաշտպանել է ավելի քան տասը հազարամայակի պատմություն ունեցող գինեգործության ոլորտը, որի վերաբերյալ ամենահին գտածոները հայտնաբերվել են Կովկասում, իսկ Սիցիլիայում գտնված նմուշները թվագրվում են Ք.Ա. 4100 թ.։
Ծխախոտի տաքացման համակարգերը և վնասի նվազեցումը
Բացի գինու պիտակավորումից, ԵԽ-ում ակտիվորեն քննարկվում է նաև այն, որ խիստ կարևոր է այրվող սիգարետի և ծխախոտի տաքացման համակարգերի հստակ տարանջատումը՝ հաշվի առնելով գիտական ուսումնասիրությունների արդյունքները։ Ապացուցված է, որ ծխախոտի տաքացման համակարգերի աերոզոլը պարունակում է շատ ավելի քիչ վնասակար նյութեր, ինչը այն դարձնում է ծխելով պայմանավորված հիվանդությունների ռիսկի նվազեցման արդյունավետ միջոց։
Այս խնդիրը ևս առանցքային է Իտալիայի համար, քանի որ երկիրը ոչ միայն ԵՄ-ում ծխախոտի արտադրության առաջատարն է, այլև ներկայումս արտադրում է ծխախոտի տաքացման համակարգեր։
Խորհրդարանականները նշում են, որ կարևոր է ընդգծել ծխախոտի տաքացման համակարգերի և գոլորշիով աշխատող համակարգերի դերը՝ որպես սովորական սիգարետին ավելի լավ այլընտրանք։