Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կազմակերպած ռազմական գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարները եւ ղեկավարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 20-ին նոր հանդիպում կանցկացնեն Միացյալ Նահանգների մայրաքաղաքի մերձակայքում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես վերջինս ճշտել է, այդ խորհրդակցությունը տեղի կունենա Մերիլանդի նահանգի Էնդրյուս ռազմակայանում, որն օգտագործում են ԱՄՆ-ի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը:

 

Հանդիպմանը պլանավորվում է քննարկել «ԻՊ-ի դեմ ուղղված՝ շարունակվող ռազմարշավը, ձեռք բերված արդյունքները եւ «հետագա հանգուցային քայլերը», ինչպես նաեւ այդ գործողությունների արագացման հնարավոր ուղիները: Կոնսուլտացիաների են հրավիրված «34 պետություն՝ գումարած ՆԱՏՕ-ն»: Խոսքը վերաբերում է այս կարգի երկրորդ միջազգային հանդիպմանը, հիշեցրել է Պենտագոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: