Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների ինտենսիվությունն զգալիորեն նվազել է հրադադարի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնության շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության հերթական զեկույցին:
«Սեպտեմբերի 5-ի զինադադարից հետո մարտական գործողությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը զգալիորեն նվազել են»,- ասված է փաստաթղթում, որը պաշտոնապես կհրապարակվի հոկտեմբերի 8-ին: Այն ընդգրկում է 2014 թվականի օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակաշրջանը:
Զեկույցում արձանագրվում է, որ զինադադարն ավելի ու ավելի փխրուն է դառնում, ամեն օր հաղորդումներ են ստացվում փոխհրաձգությունների, հրետակոծումների եւ բախումների վերաբերյալ: «Թեեւ զոհերի թիվը պակասել է, նախկինի պես ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք ու զինվորականներ»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Նկարագրելով հակամարտության գոտու հումանիտար իրադրությունը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ, չնայած հրադադարին, բազմաթիվ մարդիկ երկրորդ ամիսն անընդմեջ զրկված են ջրամատակարարումից եւ էլեկտրականությունից, սահմանափակված է բժշկական ծառայություններից եւ կրթությունից օգտվելու նրանց հնարավորությունը:
Հղում անելով Ուկրաինայի կառավարությանը՝ հաղորդվում է, որ հանրապետության արեւելքում մարտերի հետեւանքով ավերվել է 4,5 հազար բնակելի շենք, էներգետիկական ենթակառուցվածքի եւ ջրամատակարարման 4,7 հազար օբյեկտ: Չեն գործում 32 հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 5 մլն մարդ է ապրում երկրի արեւելքի այն տարածաշրջաններում, որոնք ուղղակիորեն տուժել են մարտական գործողություններից: Դրանց պատճառով Դոնբասում փակվել Է շուրջ 40 հազար մանր ու միջին ձեռնարկություն: