Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը' միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձան հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
Այս համատեքստում Էդվարդը Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը' շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն' ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին մեծապես նպաստում են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։