Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի' Ֆրանսիայի իրենց գործընկերոջ' Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ հանդիպումը հնարավոր է կայանա Փարիզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն տեղեկացրել է, որ նախագահների հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերին:

 

Մոնյեն նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և խնդիրները, որոնք առկա են խաղաղության հաստատման գործընթացում: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը մեծ նշանակություն ունի խաղաղության հաստատման գործում»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:

 

ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին Նյուպորտում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նրանք անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը: