Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը հերթական անգամ հայտարարել է իր շարքերը լրացնելու համար Ադրբեջանից եւս զիֆվորներ հավաքագրելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
ԻԼԻՊ-ի «Ջիհադ ալ Շամ» կոչված հոդվածում ասվում է, որ եթե «Իսլամական պետության» վրա ԱՄՆ-ի գլխավորությամբ հարձակվի անգամ ամբողջ աշխարհը, չի կարող հաջողություն ունենալ, քանի որ «Ալլահին սիրողներն են» իրենց կողմնակիցները:
«Եթե ԱՄՆ-ը կարծում է, թե կոալիցիա ստեղծելով' կարող է վերացնել «Իսլամական պետությունը», սխալվում է: «Իսլամական պետությունը» Ալլահի թույլտվությամբ մեծանում, ընդարձակվում է ամեն անցնող օր: Մեր եղբայրներն այլեւս ոչնչի չեն սպասում եւ ուղղվում են դեպի Ալլահի կանոնների հանգրվանած այս հողեր: Ուզբեկստանից, Ղազախստանից, ամբողջ Կենտրոնական Ասիայից մինչեւ Չինաստանի սահմաններ, Եվրոպայից մինչեւ Կովկաս եւ Ադրբեջան մեր եղբայրներն ուղղվում են «Իսլամական պետություն», -ասվում է հոդվածում: Հեղինակը բացահայտել է նաեւ այն երկրների աննունները, որտեղից վերջին զորքերը միացել են ԻԼԻՊ-ին: Դրանք Ուզբեկստանն ու Ադրբեջանն են:
Որոշ ժամանակ առաջ Իրանի IRNA լրատվական գործակալությունը եւս հայտնել էր ԻԼԻՊ-ի' Ադրբեջանից զինվորներ հավաքագրելու մասին: Գործակալության համաձայն' ԻԼԻՊ-ի ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է հիմնական տեղերից մեկը:
«Ադրբեջանում ԻԼԻՊ-ի իրական վտանգի առկայությունը խոստովանում են նաեւ պաշտոնական կառույցները: Ադրբեջանի կրոնական կառույցների գծով պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն օրերս ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենք ունեն Ադրբեջանում ԻԼԻՊ-ի հետ կապեր ունեցող անձանց ցուցակը: Այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ԻԼԻՊ-ի սպառնալիքը բարձր մակարդակի վրա է: Ադրբեջանում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ հավաքագրելն անկասկած վտանգավոր փաստ է», -նշում է «Ազադլըգ»-ը: