Սեպտեմբերի 5-ին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության հասնելու պահից ի վեր Ուկրաինայի արեւելքում զոհվել է առնվազն 331 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը՝ ներկայացնելով հանրապետության իրադրության վերաբերյալ մոնիթորինգային առաքելության զեկույցը:

 

«Այն պահից, երբ սկսվեց զինադադարը, սեպտեմբերի 6-ի եւ հոկտեմբերի 6-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում զոհվել Է առնվազն 331 մարդ»,-հայտարարել է ալ Հուսեյնը: Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ «առանձին մարդիկ կարող Էին սպանված լինել նախքան հրադադարը, իսկ նրանց տվյալները վիճակագրության մեջ են հայտնվել ավելի ուշ»:

 

Ընդհանուր առմամբ ապրիլի կեսերից մինչեւ հոկտեմբերի 6-ը Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել Է ոչ պակաս քան 3 հազար 660 մարդ, իսկ 8 հազար 756 մարդ վիրավորվել Է, տեղեկացրել Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ):

 

Զեկույցում նշվում Է, որ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության շնորհիվ Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների ինտենսիվությունն զգալիորեն նվազել է: Դրանում նաեւ արձանագրվում է, որ հրադադարն ավելի ու ավելի փխրուն է դառնում, ամեն օր հաղորդումներ են ստացվում փոխհրաձգությունների, հրետակոծումների եւ բախումների վերաբերյալ: «Թեեւ զոհերի թիվը պակասել է, նախկինի պես ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք ու զինվորականներ»,- ասված է փաստաթղթի տեքստում:

 

Հղում անելով Ուկրաինայի կառավարությանը՝ հաղորդվում է, որ հանրապետության արեւելքում մարտերի հետեւանքով ավերվել է 4,5 հազար բնակելի շենք, էներգետիկական ենթակառուցվածքի եւ ջրամատակարարման 4,7 հազար օբյեկտ: Չեն գործում 32 հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 5 մլն մարդ է ապրում երկրի արեւելքի այն տարածաշրջաններում, որոնք ուղղակիորեն տուժել են մարտական գործողություններից: Դրանց պատճառով Դոնբասում փակվել Է շուրջ 40 հազար մանր ու միջին ձեռնարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: