Հայաստանը կարևորում է Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ շահագրգռված է դրանց խորացմամբ: Այս մասին մակեդոնական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա նկատել է, որ նման մակարդակով այցելությունները երկկողմ կապերի ակտիվացման նոր հնարավորություններ են ստեղծում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակությունը գլխավորել է Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարար Լիրիմ Շաբանին: Հյուրերը ժամանել են մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող ՝ «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովին:

 

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրներն էլ զարգացման ակտիվ փուլում են գտնվում, եւ կարևորել են ինչպես տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, այնպես էլ կառավարման այլ ոլորտներում փորձի եւ գիտելիքների փոխանակումը, տարբեր մակարդակով փոխայցելությունների կազմակերպումը: Նրանք նաև շեշտել են եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում համագործակցությունը:

 

Հյուրերը փոխվարչապետին ներկայացրել են իրենց երկրի ապակենտրոնացման փորձը, վարչատարածքային կառուցվածքն ու զարգացման ծրագրերը: