ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:

 

 

 

 

ՀՀ Նախագահը և ՄՕԿ-ի նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրուդն ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը հաճույքով է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն: Նա շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

 

 

 

 

Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով և հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները:

 

Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը: