Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին: Բռցնքամարտի ֆեդերացիան նման որոշում կայացրեց 7-րդ համագումարի ժամանակ:
«Այո, մենք կմասնակցենք Բաքվի խաղերին: Որպես մարզիկ, որպես զինվոր չենք կարող հրաժարվել մարտից: Եթե կլինի քաղաքական որոշում, որ չենք մասնակցում, որ մեր անվտանգության երաշխիքներն ապահոված չեն, ապա մենք չենք գնա: Քանի դեռ չկա' մենք մարզվում ենք, ձևավորում ենք թիմ, որպեսզի մասնակցենք այդ խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում փաստեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում բռնցքամարտի հավաքականը կգլխավորի ոչ թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, այլ երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը: «Պարոն Աղամալյանն իմ առաջարկից հետո համաձայնեց ներկայացնել թիմը Բաքվում: Նրան այստեղ կայանալիք նախապատրաստական շրջանում կօգնի Դավիթ Թորոսյանը»,-փաստեց Գևորգյանը:
Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան և Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձև եր: