Չնայած Ուկրաինայում հայտարարված զինադադարին, ամեն ինչ վկայում է այն մասին, որ մնացած երկրից Դոնեցկի եւ Լուգանսկի անջատումն անխուսափելի է, քանի որ ճգնաժամի սկզբնական պատճառները լուծված չեն, իսկ ռուսալեզու քաղաքացիների իրավունքները չեն ճանաչվում եւ չեն հարգվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է ամերիկյան Forbes հանդեսի մեկնաբան Մարսել Մայքլսոնը:

 

Ու թեեւ Գերագույն ռադան օրենք է ընդունել Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին, որը ներկայացրել էր նախագահ Պյոտր Պորոշենկոն, Forbes-ի մեկնաբանի կարծիքով, շատ քիչ Է հավանական, որ առաջիկա ընտրություններում Դոնեցկը եւ Լուգանսկը տարածքային միասնության ձգտում կդրսեւորեն մնացած Ուկրաինայի հետ:

 

Կարեւոր է հիշել, գրում է նա, որ, չնայած այժմ տիրող հարաբերական անդորրին, Ուկրաինայում իրադրությունը կարող է ակնթարթորեն վատանալ: Ներկա պայմաններում Պյոտր Պորոշենկոն պետք է հմտորեն խուսավարի եռակողմ շփման խմբի բանակցություններում, իսկ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է մտածեն իրենց տնտեսությունների վրա պատժամիջոցների բացասական ազդեցության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: