Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսած 2008 թվականից' կտրուկ ավելացել է գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական ֆինանսական միջոցները' 2007թ. 271.5 մլն դրամից 2014թ.հասցվելով 3.18 մլրդ դրամի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ վերջին հինգ տարիներին գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ներդրվել է ավելի քան 30 մլրդ դրամ, այդ թվում' շուրջ 13.3 մլրդ դրամ կազմել են պետական բյուջեի, իսկ մնացած մասը' ներգրավված միջոցներից: Իրականացված ներդրումների շրջանակներում իրագործվել են պետական տարբեր ծրագրեր' ուղղված բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի համաչափ զարգացմանը:

 

Արդյունքում՝ 2008-2013թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան միջին աճը կազմել է ավելի քան 11 տոկոս' ապահովելով երկրի համախառն ներքին արդյունքի միջին տարեկան 10 տոկոս աճի շուրջ 2 տոկոսային կետը, իսկ կառուցվածքային տեսանկյունից գյուղատնտեսությանը բաժին է ընկել ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը:

 

Չնայած անբարենպաստ տարվան (կարկտահարություն, երաշտ)՝ 2014թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 16610.1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.5 տոկոսով' կառուցվածքային տեսանկյունից ապահովելով երկրի համախառն ներքին արդյունքի 11.2 տոկոսը:

 

Վերջին տարիներին բուսաբուծության և անասնաբուծության համախառն արտադրանքի աստիճանական ավելացմանը նպաստել են նաև գյուղտեխնիկայի պարկի հետևողական թարմացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես' 2009 թվականից առ այսօր տնտեսվարող սուբյեկտներին լիզինգային եղանակով տրամադրվել է 177 միավոր գյուղտեխնիկա և 75 միավոր տարբեր սարքավորումներ:

 

 

Արդյունքում՝ 2013թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 63.3 հազար հա' 2007թ. 50.5 հազար հա-ի դիմաց: Ըստ նախնական տվյալների՝ 2014թ. բերքի տակ հանրապետությունում կատարվել է շուրջ 66.4 հազար հա ցանքս, այդ թվում' 51.3 հազար հա աշնանացան և շուրջ 15.1 հազար հա գարնանացան:

 

Ուշագրավ է ցանքատարածքների կառուցվածքի աստիճանական բարելավման փաստը. վերջին տարիներին նկատելի է գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ավելացման դինամիկա: Այսպես, եթե 2009թ. գարնանացանի տակ է դրվել ընդհանուր ցանքատարածքների 10.4 տոկոսը, ապա 2011թ.' 17.3, 2012թ.' 18.6  2013թ.' 25: Գարնանացան ցանքատարածքների ավելացումը կատարվել է առավելապես ի հաշիվ եգիպտացորենի, հաճարի, տեխնիկական և կերային մշակաբույսերի տարածքների ավելացման: