Իտալիայի վիճակագրական գործակալությունը (ISTAT) երկրում մահացության ցուցանիշների վրա կորոնավիրուսի ազդեցության մասին առաջին տվյալներն է հրապարակել։ Դրանց համաձայն, մարտի 31-ի դրությամբ մահացել է 38,7%-ով ավելի շատ մարդ, քան վերջին հինգ տարում նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշն է, հայտնում է AP-ը։
Փետրվարի 20-ին բռնկման սկզբից մինչեւ մարտի 31-ը մահացել է 25 354-ով ավելի մարդ՝ 2015-2019թթ․ միջին ցուցանիշի համեմատ։
Սակայն այդ մահերից միայն 54%-ն է եղել կորոնավիրուսի հետեւանք, ինչը նշանակում է, որ Իտալիայում մահացածների պաշտոնական թիվը, որը կազմում է գրեթե 29 000, հավանաբար կնվազի առնվազն 10 000-ով։
Զեկույցում բերվում են տվյալներ, որոնք հաստատում են հսկայական կորուստների մասին տվյալները, որոնք COVID-19-ը հասցրել է ամենատուժած Լոմբարդիայի որոշ շրջանների․ մահացության մակարդակը Բերգամոյում աճել է 568%-ով՝ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ, այն դեպքում, երբ Կրեմոնում աճը կազմել է 391 %։
Զեկույցը պատրաստվել է Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտի հետ համատեղ։ Դրանում ասվում է, որ թեեւ մահերի միայն 54%-ն է վիրուսի հետեւանք, մնացած դեպքերում, ամենայն հավանականությամբ, դա եղել է կամ վիրուսը, կամ թեսթեր չեն արվել, կամ դա համավարակի անուղղակի հետեւանքն է՝ «հիվանդանոցային համակարգի ճգնաժամի եւ հիվանդանոց ընկնելու վախի» պատճառով։
ISTAT-ի տվյալներն ամբողջական չեն։ Զեկույցը հիմնված է իտալական քաղաքների միայն 87%-ում մահվան մասին տեղեկությունների վրա, սակայն նշվում է, որ դրանք այսօր հասանելի առավել լիարժեք տվյալներն են։