Երեկ «Արմենպրես»-ն անդրարդարձել էր Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին' ներկայացնելով, որ սահմանամերձ քաղաքի բուժհաստատությունում դանդաղում են հիմնանորոգմնան աշխատանքները:

 

Արձագանքելով հրապարակմանը՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Ներսես Զուլոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ԾԻԳ-ի մասով շինարարության ֆինանսավորումը եւ ընթացքը պայմանագրով նախատեսված ժամկետների մեջ են. «Ճամբարակի առողջապահության կենտրոնում շինարարական աշխատանքների սկիզբը, համաձայն շինարարական կազմակերպության հետ կնքված պայմանագրի, տրվել է 2013 թվականի դեկտեմբերին, որի ավարտի ժամկետ է նախատեսված 2015 թվականի մայիսը:

 

Այսօրվա դրությամբ մենք «Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի գծով կատարել ենք մեր ֆիմնանսական պարտավորությունների մոտ 60 տոկոսը, իսկ շինարարները՝ իրենց պարտավորությունների 70 տոկոսը: Եթե Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրենը անհանգստացած է շինարարության անհամապատասխան ընթացքից, իսկ բանվորները իրենց կատարած աշխատանքի դիմաց համապատասխան չափով չեն վճարվել, մենք մեր մասով առաջիկա օրերին կփորձենք շինարարի հետ հարթել խնդիրը, հնարավորինս արագացնել շինարարական աշխատանքների ընթացքը»,-նշեց Ներսես Զուլոյանը:

 

Մնում է հուսալ, որ համաֆինանսավորող մյուս կողմը՝ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը» եւս' շինարարություն իրականացնող «Պարեքս գազ» ընկերության հետ իր մասով կհարթի խնդիրը՝ թափ հաղորդելով շխնարարությանը:

 

Խոսրով Խլղաթյան