ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գարեգին Ա.-ի մարմնի վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 

Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:

 

Գարեգին Ա.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մեկ այլ ոստիկան ևս բռնություն է գործադրել իր նկատմամբ:

 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: