Վրաստանի իշխանությունները խոստացել են շատ արագ կարգավորել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանի և Շիրակ Թորոսյանի՝ Վրաստանում անցանկալի անձ լինելու հետ կապված խնդիրները: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով եղել է պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում: «Մենք քննարկել ենք այդ հարցը, և կարող եմ ասել, որ քննարկումներն արդյունավետ են եղել: Վրաստանի իշխանությունները խոստացել են առաջիկայում կարգավորել այդ խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

 

Նա ընդգծեց, որ շուտով այդ հարցում առաջընթաց կլինի: Բաղդասարյանի խոսքով՝ սկզբում լուծում կստանան պատգամավորների խնդիրները, իսկ հետո արդեն կլուծվեն նաև ՀՀ այն քաղաքացիների խնդիրները, ովքեր անցանկալի անձ են ճանաչվել Վրաստանում: