Գորիսում հոկտեմբերի 10-ի վաղ առավոտից տոնական տրամադրություն էր. քաղաքը նշում էր իր 144-ամյակը: Գորիսեցիների ուրախությունը կիսելու էին եկել Ֆրանսիայի Վիեն եւ Բելառուսի Նեսվիժ քույր-քաղաքների պատվիրակությունները, կային հյուրեր մայրաքաղաքից, մարզի մյուս տարածաշրջաններից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Գորիսյան օրեր» տոնակատարությունը մեկնարկեց Գուսան Աշոտի հուշարձանին պսակադրությամբ եւ քաղաքի Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կազմակերպված տոնի բացման հանդիսությամբ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց գորիսցիներին տոնի առիթով եւ բոլորին ցանկացավ բարեկեցություն: Օրվա առիթով կազմակերպվեց այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի եւ Հին Գորիս բնակատեղի: Այստեղ' պահպանված քարանձավային թատրոնում, որին տեղացիներն «Ամֆիթատրոն» են անվանում, ցուցադրվեց ներկայացում: Տոնական միջոցառումները շարունակվեցին Սերո Խանզադյանի անվան դպրոցում մեծ ցերեկույթով' նվիրված Գորիսի տոնին: Այդ օրը գեղեցիկ նվեր ստացան քաղաքի Գետափնյա շենքերի երեխաները: Այստեղ բացվեց քաղաքապետարանի ջանքերով կառուցված նոր խաղահրապարակը:

 

Այդ պատվին թաղամասն արժանացել էր հաղթելով «Տարվա ամենամաքուր թաղամաս» անվանակարգում: «Գորիսյան օրերի» շրջանակներում պսակադրության արարողությւոններ կատարվեցին նշանավոր գորիսցիներ Սերո Խանզադյանի եւ Ակսել Բակունցի հուշարձաններին, իսկ Բակունցի տուն-թանգարանում հյուրերը ներկա գտնվեցին «Միրհավ» գրական ակումբի կողմից պատրաստված միջոցառմանը: Տոնը շարունակվեց քաղաքի Մաշտոցի փողոցում, որի բնակիչները փողոցի ողջ երկայնքով կազմակերպել էին տոնական հյուրասիրություն: Ողջ օրվա ընթացքում քաղաքում անցկացվեցին նաեւ սպորտային միջոցառումներ'շախմատի, ֆուտբոլի առաջնություններ:

 

Իսկ Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կազմակերպվել էր արվեստի դպրոցի, գորիսցի արվեստագետների ու կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այս հրապարակում էլ ելույթ ունեցան քաղաքի երաժշտական դպրոցի սաները, «Գուսան Աշոտի» անվան ժողգործիքների եւ «Սյունիքի» պարային համույթները: Գորիսում տոնն ավարտվեց երիտասարդների համար կազմակերպված դիսկոտեկով եւ մեծ հրավառությամբ:

 

 

Գոհար Իսախանյան