Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն արդեն 50 տարվա պատմություն ունի: Կառույցի կեսդարյա հոբելյանը հանդիսավորությամբ նշվեց դեկտեմբերի 9-ին: Իրադարձությանը մասնակցեցին կոմիտեի նախկին աշխատակիցները, պետական, հասարակական գործիչներ, սփյուռքի կառույցների ներկայացուցիչնր, մտավորականեր:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իրադարձության միջոցով փորձ է կատարվում վերաարժեվորել կոմիտեի գործունեությունը, քանի որ կոմիտեում հարյուրավոր մարդիկ են աշխատել, որոնք օգնել են, որպեսզի կոմիտեն կատարի իր առջև դրված խնդիրները: Նախարարի հորդորով ներկաները հարգանքի տուրք մատուցեցին կոմիտեի բոլոր գործիչների հիշատակին:

 

«Հայրենիք-Սփյուռք գործակցությունը դարերի պատմություն ունի: Հայկական սփյուռքը մի քանի փուլով է ձևավորվել, և իրոք, ուր էլ որ եղել են հայերը, կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ և կարողացել են իրենց ինքնությանը հավատարիմ մնալ: 100-ից ավելի երկրներում հայկական համայնքներ ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով կոմիտեի անցած ուղին և գործունեությունը:

 

Նրա խոսքով՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի առաջին ղեկավարն էր Վարդգես Համազասպյանը: «Համազասպյանի կերպարով կոմիտեն փորձեց սփյուռքը կապել հայրենիքի հետ: Անուններ կան, որ մտել են հայոց պատմության մեջ՝ այնտեղից դուրս չգալու պայմանով: Կոմիտեն իր գոյության ընթացքում երեք ղեկավարներ ունեցավ: Կառլեն Դալլաքյանը դժվար ժամանակներում ղեկավարեց կոմիտեն, երրորդ ղեկավարը դարձավ Հրաչիկ Սիմոնյանը: Կոմիտեի շուրջ համախբված էին ամենահայտնի դեմքերը»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

 

Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը ընդգծեց, որ կոմիտեի ստեղծողները յուրահատուկ գործիչներ էին: «Կոմիտեն խոշոր, նոր, հետաքրքիր ներկայություն եղավ: Վարդգես Համազասպյանը փորձառու անձնավորություն էր, ազնվագույն մի մարդ, որը պետք է կազմակերպեր կոմիտեն»,- նշեց նա:

 

Միջոցառման մասնակիցները դիտեցին Վիլյամ Սարոյանին նվիրված տեսանյութ, ինչպես նաև լուսանկարներ:

 

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն ստեղծվել է 1964 թվականին Հայաստանի մտավորականության և աշխատավորության նախաձեռնությամբ։ Կազմակերպության անդամ են դարձել հանրապետության խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, կոլեկտիվ ու սովետական տնտեսություններ, ստեղծագործական միություններ։

 

Հիմնադիր ժողովում ընդունված կանոնադրության համաձայն՝ կոմիտեն պետք է ջանա կապերի մեջ մտնել սփյուռքի հայրենասիրական, մշակութային, բարեսիրական, հայրենակցական, երիտասարդական կազմակերպությունների, նշանավոր մտավորականների ու հասարակական գործիչների հետ և նպաստի հայ մշակույթի տարածմանը, հայապահպանությանը և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։

 

Կոմիտեի և ՀԽՍՀ գրողների միության նախաձեռնությամբ սփյուռքահայ բազմաթիվ գրողների գործեր տպագրվել են Երևանում, կազմակերպվել են նկարիչների ցուցահանդեսներ, արտիստների, արվեստագետների, կոմպոզիտորների ելույթներ, սփյուռքահայ գաղթավայրերն են այցելել հայրենիքի արվեստի, գրականության նշանավոր դեմքեր, ելույթ են ունեցել գեղարվեստական խմբեր ու պետական կոլեկտիվներ։