Հայաստանում և ամբողջ աշխարհում հոկտեմբերի 11-ին նշում են Աղջիկների միջազգային օրը: Միավորված ազգերի կազմակերպության կողմից նշանակված այս օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հատուկ խնդիրներին, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում:
Հայաստանում այսօր աղջիկ երեխաների նկատմամբ վեր խոյացած մեծագույն խնդիրներից մեկը, թերևս սեռով պայմանավորոված հղիության ընդհատումներն են, որի պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1500 աղջիկ: Այս միտման շարունակվելու դեպքում մինչև 2060 թվականը մենք կկորցնենք 93 հազար աղջիկ կամ ապագա մայր: Օրվա խորհուրդն է ընդլայնել աղջիկների իրավունքներն ու հնարավորությունները' վերջ տալ բռնության շրջապտույտին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայարպետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ-ում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունն է՝ 102-ը 106-ին: «Տղայի գերակայությունը հայկական ընտանիքներում մինչև վեց անգամ ավելի է, քան աղջիկներինը:
Առաջին երեք պատճառներն են՝ ընտանիքի անունը, ցեղը շարունակելու ցանկություն, ծնողներին մեծահասակ տարիքում ֆինանսական աջակցության և սատարման խնդիրը, որը բնորոշ է այն երկրներին, որտեղ չկա սոցիալական կայուն աջակցման համակարգ: Մենք կարիք ունենք նաև կոտրելու այն առասպելը, թե տղա երեխաներն են ծերության տարիներին հոգ տանում ծնողների մասին: Եվ վերջապես երրորդ պատճառը տղամարդու գերակայող դերն է ընտանիքում ու հասակությունում»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանն էլ նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սեռով պայմանավորված հղիության ընդհանտումները լուծելու ուղղությամբ: Նրա խոսքով' ՀՀ օրենքն այս առումով միանշանակ չի ձևակերպված, սակայն միայն օրենսդրական կարգավորմամբ հնարավոր չէ հասնել խնդրի լուծման, անհրաժեշտ են համալիր քայլեր:
«Շատ հաճախ կանայք ենթարկվում են ընտանիքի անդամների կողմից հոգեբանական ճշման, երբ պարզվում է, որ երկրորդ կամ երրորդ երեխան աղջիկ է: Ընտանեկան բռության ենթարկված կանայք երբեք չեն բողոքում, որ պառճառը հենց աղջիկ երեխայով հղի լինելն է»,- ասաց Սաֆարյանը' հավելելով, որ եղել են դեպքեր, երբ ՄԻՊ աշխատակազմ են դիմել այդ պատճառով ընտանիքի անդամների կողմից ծեծի ենթարկված կանայք:
Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ աղջիկների նկատմամբ իրագործվող խտրականություների հիմնական ուղղություններն են' ոչ լիարժեք հնարավորություն տալը, բռնությունները, սեռական բռնությունները, դեռահաս ամուսնությունը: «Մինչև 18 տարեկանների ամուսնությունը Հայաստանում 2011 թվականին եղել է 524, իսկ 2013-ին' 338:
Ինչպես տեսնում ենք, դեռահաս ամուսնությունների թիվը նվազել է, մասնամբ սա շնորհիվ նրա, որ անցյալ տարի օրենսդրական փոփոխությամբ կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքը սահմանվեց 18 տարեկանը, մինչդեռ մինչ այդ' կանայք իրավունք ունեին ամուսնանալ 17 տարեկանից: Դեռահասների ամուսնությունն ավելի շատ արտահայտվում է ազգային փոքրամասնությունների մոտ, որտեղ 12-13 տարեկաններից առաջ է գալիս աղջիկ երեխաներին ամուսնացնելու խնդիրը: Այս խնդիրը կա նաև ՀՀ հեռավոր մարզերում և գյուղերում»,- նշեց Հայրապետյանը:
Աղջիկների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2012-ին: Օրվա թեման էր աղջիկների վաղ ամուսնությունը: 2013 թվականին օրվա ուշադրության կենտրոնում էր «Նորարարություններն աղջիկների կրթության համար» թեմայի վրա: