Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են Նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Սերբիայի Հանրապետության առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ:

 

Առավոտյան Սերբիայի Նախագահն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

 

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Նիկոլիչը հանդիպում կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որից հետո կմեկնի Արմավիրի մարզ, ծաղկեպսակ կդնի 1988թ. աղետալի երկրաշար¬ժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Երևանի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որով կավարտվի Սերբիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան:

 

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պաշտոնական հրաժեշտի արարողությունը: