Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայ կանանց միջազգային ընկերակցության (ՀԿՄԸ) 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին' ուղեկցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հանդիպման սկզբում ՀՀ սփյուռքի նախարարը, շնորհակալություն հայտնելով համայն հայության հոգևոր կենտրոնում ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին է ներկայացրել համաժողովի կողմից իրականացվող ազգօգուտ աշխատանքները' կարևորելով նաև Հայաստան-Սփյուռք կապերի զորացմանն ի նպաստ ընկերակցության անդամների ջանքերը և ներդրումը:
Այնուհետև համաժողովի մասնակից հայ կանանց իր օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունել է ՀԿՄԸ հերթական համաժողովի գումարումը Հայրենիքում և այս առնչությամբ գովելի է նկատել Սփյուռքի նախարարության կողմից հայորդիների համախմբմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել ներկա հայ կանանց' աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայոց եկեղեցուն և Հայրենիքին բերած իրենց նվիրյալ ծառայության համար: Նորին Սրբությունն ընդգծել է, որ կինը ոչ միայն հիմնասյունն է հայ ընտանիքի և հայ օջախի, այլև ազգային կյանքի ու պետության, ում ձեռքերում կերտվում է հայ ժողովրդի վաղվա օրը, ում շնորհիվ պայծառանում է հայ կյանքը, զորանում Հայրենիքն ու Եկեղեցին:
Հայ կանանց միջազգային ընկերակցության անդամներին Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է առավել ջանքեր գործադրել, որպեսզի շատ հայ կանայք ներգրավվեն ՀԿՄԸ շարքերում և ամբողջապես ընդգրկվեն ազգային կյանքի խնդիրների կարգավորման գործում: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև որդեծնության խնդրին' նշելով, որ ընկերակցության անդամները ևս պետք է իրենց հերթին տարբեր ծրագրերով խթանեն և քաջալերեն երիտասարդ ընտանիքներին 2015թ. իրենց ընտանեկան կյանքը հարստացնել զավակի ծննդյամբ, ինչը ոչ միայն արժանի հատուցում կլինի Հայոց ցեղաս պանության հայ նահատակների հիշատակի առջև, այլև մեծապես կնպաստի հայության առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդրի կարգավորմանը:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են 2015թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը, 100-րդ տարելիցի առիթով 2015թ. Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող հիշատակի միջոցառումներին և ազգային-եկեղեցական կյանքում կանանց դերակատարությանը:
Համաժողովի մասնակիցները Մայր Տաճարում մասնակցել են նաև Ս. Պատարագի արարողությանը: