Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 9-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի նիստի անդամներին: Ժողովականների անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին ողջունել և բարեմաղթանքներ է փոխանցել ԵՀԽ կենտրոնական կոմիտեի փոխմոդերատոր Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքություն)' շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:
Այնուհետև ժողովականներին ողջունել և իր հայրապետական օրհնությունն է բերել Նորին Սրբությունը' կարևորելով այն, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՀԽ գործադիր կոմիտեն իր հերթական ժողովն անցկացնում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Գարեգին Բ կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Հայոց եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող մեծ զորակցություն է որակել այս իրադարձությունը' հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման և դ ատապարտման առումով:
Իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոսը, ներկայացնելով միջեկեղեցական ոլորտում Հայ եկեղեցու և Քույր եկեղեցիների միջև ձևավորված արդյունավետ հարաբերությունները, փաստել է, որ այդ համագործակցությունը միտված է եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանն ու ավելի ջերմացմանը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ է ընդգծել նաև, որ միայն եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ավելի լավ ու արդար աշխարհ' զերծ ամեն տեսակի ոճրագործությունից և մարդկային կյանքի դեմ ուղղվաÕ ® ցանկացած դատապարտելի ոտնձգությունից:
Ի պատասխան հարցերի, Նորին Սրբությունը պատմական ակնարկով ժողովականներին ներկայացրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անցած դժվարին ուղին, անդրադարձել Մեծ Եղեռնի տարիներին կրած մեծ կորուստներին, խոսեց Հայ եկեղեցու առաքելության, առկա մարտահրավերների ու հատկապես եկեղեցաշինության, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալական ոլորտներում Հայ եկեղեցու գործունեության մասին:
Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունաշատ ու բեղուն աշխատանք է մաղթել ժողովականներին:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: