Հայաստանի հարկադիր կատարման ծառայության միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ: Ողջունում եմ ձեզ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի կապակցությամբ:
Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթի հիմնախնդիրներին նվիրված արդեն երկրորդ համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը զգալի տեղ է հատկացնում այս ոլորտում միջազգային համագործակցությանը, միջպետական շփումներին և հետևողական է տարբեր ձևաչափերով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով առաջադեմ փորձի փոխանակման հարցում:
Դատական կատարողների միջազգային միության ղեկավարության և մի շարք երկրների համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը համաժողովին խոսում է ինչպես ընտրված թեմայի արդիականության, այնպես էլ ոլորտին առնչվող համակարգային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրների քննարկման, դրանց հնարավոր լուծման ուղիների որոնման հարցում փոխադարձ շահագրգռության մասին:
Կարիք չկա հիմնավորելու և ապացուցելու, թե պետության և հասարակության համար ինչ նշանակություն ունի դատական և վարչական ակտի պահանջը ժամանակին և ճշգրիտ կատարելը: Այսօր Հարկադիր կատարման ծառայությունն էական ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ապահովման գործում:
Հարկադիր կատարողների կողմից նորագույն տեխնոլոգիաների յուրացումը, աշխատանքի նոր մեթոդների և ձևերի ներդրման ուղղությամբ հետևողական ջանքերը նորանոր նվաճումների և առաջընթացի երաշխիք են:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ, բեղմնավոր, աշխատանք և լիահույս եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին»: