ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ բուհի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։ Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։

 

Հանդիսավոր նիստը բացել է ‪‎ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես են եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում նախարար Նալբանդյանն ասել է. «Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր բուհը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն բուհերից մեկը։

 

Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը։ Յոթ տասնամյակների ընթացքո ւմ ՄԳԻՄՕ-ն տվել է հազարավոր ճանաչված դիվանագետներ, պետական, քաղաքական, գործիչներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ։ Բուհի տաղանդավոր դասախոսները արել են հնարավորը՝ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգությունների բազմահազար արհեստավարժ դիվանագետների պատրաստման համար»։

 

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը՝ հարյուրավոր հայ բարձրակարգ մասնագետներ կրթելու համար, որոնք այսօր էլ աշխատում են միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ իրենց նպաստն են բերում հայ-ռուսական բարեկամության առավել ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՄԳԻՄՕ-ի և Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

 

Էդվարդ Նալբանդյանը, հաջողություն մաղթելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երկրորդ միջազգային ֆորումի աշխատանքերին, առաջարկել է հաջորդ ֆորումն անցկացնել գալիք տարի Հայաստանում՝ ընդգծելով, որ դա հատկապես խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը մեկն է ՄԳԻՄՕ-ի կազմավորման համար հիմք ծառայած երկու կրթօջախներից։

 

«Շփվելով ՄԳԻՄՕ-ի այսօրվա ուսանողների և ասպիրանտների հետ, ես համոզվեցի, որ մեր ինստիտուտը ունի ապագա, ոչ պակաս փառավոր, քան նրա անցած ճանապարհն է», - ընդգծել է նախարար Նալբանդյանը։