ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից: Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին: Միջոցառմանը հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նստաշրջանի շրջանակում կկայանա նախարարական պլենար նիստ:
Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 15-ին կմասնակցի նաև Ռուսաստանի հայկական միության «Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի» կողմից կազմակերպվող Բժիշկների առաջին համառուսական համաժողովին, որի շրջանակում կկայանան նաև հանդիպումներ Մոսկվայում գործող հեղինակավոր հայազգի բժիշկների հետ, ձեռք կբերվեն համագործակցության պայմանավորվածություններ:
Արմեն Մուրադյանը Մոսկվայում կունենա նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ: