Հայաստանի և Վրաստանի միջև գործող ազատ առևտրի ռեժիմը մնալու է ուժի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով' Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է կիրառվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս' պայմանավորված երկու հանգամանքով: «Առաջինն այն է, որ միասնական սահման չունենք միության անդամ երկրների հետ, մյուսը' Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքն է, որ սահմանակից ենք չորս երկրի, որից երկուսի հետ կապ չունենք: Վրաստանը գնում է ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, սակայն մենք պահպանում ենք Վրաստանի հետ մեր պայմանավորված ազատ առևտրի համաձայնագիրը, այն մնում է ուժի մեջ: Կրկին մեր ապրանքները Վրաստան կմտնեն զրո տոկոս դրույքաչափով, այնտեղից էլ Հայաստան կմտնեն կրկին զրո տոկոս դրույքաչափով: Ոչ մի փոփոխություն չկա այդ պայմանավորվածության առումով: Սա լավագույն օրինակն է, թե ինչպես կարող են համագործակցել երկու տարբեր տնտեսական միավորումներին միացած երկրները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Վարդան Այվազյանը:

 

Այվազյանի տեղեկացմամբ' այսօր Ազգային ժողովը զբաղված է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացման գործընթացով: «Արդեն երեկվանից սկսվել է գործընթացը, ու մենք շատ շուտով կստանանք ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը' բոլոր օրենսդրական փաթեթներով, քանի որ մինչև դեկտեմբերի 31-ը պետք է վավերացնենք պայմանագիրն ու այն դարձնենք գործողության նորմ, որ հունվարի մեկից դառնանք լիիրավ անդամ»,- հավելեց պատգամավորը:

 

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀՀ նախագահը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Միությունը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: