ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոակին հարթավայրում կառուցվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը կօծվի 2015 թվականի ապրիլի 24-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության տարելիցի հարցերով զբաղվող Ֆրեզնոյի հանձնախումբը: Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը կկայանա նոյեմբերի 2-ին:
Ֆրեզնոյից ճարտարապետ Փոլ Հալաջյանի նախագծած հուշարձանը կմարմնավորի հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեցող խորհրդանիշները: Բետոնից և տուֆից' Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ կառուցվող հուշարձանը բաղկացած կլինի ինը սյուներից, որոնք կխորհրդանշեն Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը:
Սյուներից առաջինը կլինի 19 ֆուտ բարձրությամբ, իսկ վերջին' 15, ինչը կխորհրդանշի 1915 թվականը: Հուշարձանի սյուների վերևում կիսատ լուսապսակ կլինի, որը կխորհրդանշի Ցեղասպանության թողած ճեղքը և հայ ժ ողովրդի միասնությունը: