Թուրք հետազոտող Ումիթ Քուրթը երկու շաբաթ աշխատել է հայկական արխիվներում, և իր հոդվածում հերքում է թուրքական կառավարության թեզը՝ հայկական փակ արխիվների մասին:

 

HyeTert-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Մոտ երկու շաբաթ է՝ թեկնածուական ատենախոսությունս գրելու համար Երևանում եմ: Այստեղ գտնվելուս պատճառն Ապրիլի 24-ին վարչապետի հղած ցավակցական ուղերձն է, որի «ճարտարապետը» Ահմեթ Դավութօղլուն է, որն ամեն առիթով խոսում է հայկական փակ արխիվների մասին:

 

Երևանի արխիվներում երկու շաբաթ աշխատելուց հետո այս հոդվածը գրելու անհրաժեշտություն զգացի։

Մեր վարչապետն ասում է, որ «մեր բոլոր արխիվները բաց են, եթե Հայաստանը ցանկանում է հարցն օբյեկտիվորեն, բոլոր կողմերով ուսումնասիրել, ապա պետք է բացի իր արխիվները»:

 

Պարոն Օքթայ Օզելն օրերս «Ռադիկալ» թերթում հրապարակած իր հոդվածում գրել էր թուրքական փակ արխիվների մասին: Եվ ապացուցել էր, որ Թուրքիայի բոլոր արխիվները չէ, որ բաց են:

 

Այդ շրջանակներում ցանկանում եմ նշել, որ ես, որպես ԱՄՆ-ում թեկնածուական ատենախոսության վրա աշխատող հետազոտող, մոտ երկու շաբաթ առանց որևէ ճնշման, վատ կամ կանխակալ վերաբերմունքի, որպես շարքային քաղաքացի աշխատել եմ Երևանի արխիվում:

 

Հայաստանի ազգային արխիվում ստացել եմ պահանջածս բոլոր փաստաթղթերը, վավերագրությունները, և այդ ողջ ընթացքում որևէ խնդիր չեմ ունեցել: Ինձ անհրաժեշտ բոլոր նյութերը ստացել եմ:

Անգամ որպես Թուրքիայից ժամանած և թուրքական անձնագիր ունեցող մեկն այդ արխիվի տնօրենի հետ հանդիպումներ եմ ունեցել:

 

Նա աշխատակիցներին հանձնարարել է արխիվում իմ աշխատանքի ընթացքում իմ հանդեպ առավել ուշադիր լինել: Հավատում եմ, որ այդ վերաբերմունքը Թուրքիայից եկող այլ ուսումնասիրողներ ևս կստանան:

Առանց խնդրի աշխատել եմ նաև Հայաստանի ազգային գրադարանում և Մատենադարանում:

Հայոց ցեղասպանության թանգարանում ևս օգտվել եմ ամեն ինչից. չափազանց կարևոր արխիվային փաստաթղթեր, նյութեր, գրքեր, թերթերից հոդվածներ, ականատեսների գրավոր վկայություններ, որոնք պատմաբանի համար «օրհնության» արժեք ունեն:

 

Երկու շաբաթվա աշխատանքի ընթացքում որևէ արխիվում անվտանգության կամ երկակի ստանդարտների կիրառման ականատես չեմ եղել:

Որպես շարքային ուսումնասիրող՝ Հայաստանի ազգային արխիվներում, գրադարաններում հանգիստ և արդյունավետ ժամանակ եմ անցկացրել:
Կարճ ասած՝ Հայաստանի արխիվները հետազոտողների համար փակ չեն, և կարող ենք հանգիստ աշխատել այստեղ:

 

«Ցավակցական ուղերձը», իմ կարծիքով, Թուրքիայում կարևոր տաբու կոտրեց: Պետական մակարդակով բացարձակ ժխտումը պատմություն դարձավ: Սակայն, անշուշտ, դա բավարար չէ: Պետք է այդ Ցեղասպանությունը ճանաչվի, և դրա համար պետք է ներողություն խնդրել:

 

Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է բացի պետական արխիվները, սխալ է: Իրականում փակ, ֆիզիկապես առկա, սակայն հետազոտողների պահանջներին ի պատասխան անհետացող փաստաթղթերը մեր արխիվներում են:

 

Թուրքական կառավարությունը պետք է մեկ վայրկյան առաջ հրաժարվի այդ պնդումներից, հակառակ դեպքում ծիծաղելի դրության մեջ ենք հայտնվում»: