Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեն հոկտեմբերի 22-ին քննարկելու է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի հետ կապված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին Ժնեւում լրագրողներին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայբը:

 

Նրա խոսքով՝ արտակարգ կոմիտեի՝ սեպտեմբերին կայացած վերջին նիստից հետո «շատ բան Է տեղի ունեցել»: «Հիվանդանալու դեպքեր են գրանցվել Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Միեւնույն ժամանակ հայտարարվել է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա մահացու վիրուսի բռնկման վերացման մասին»,-նշել Է նա:

 

Շայբի խոսքով՝ նիստում, որը կդառնա թվով երրորդը եւ ավանդույթի համաձայն կանցկացվի տեսակապի ռեժիմով, կորոշվի՝ «վերջին իրադարձությունների լույսով գոյություն ունի արդյոք նոր հանձնարարականների անհրաժեշտություն»: Մինչ այդ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության փորձագետները դեմ են արտահայտվել այն երկրներ միջազգային ուղեւորությունների եւ նրանց հետ առեւտրի սահմանափակմանը, որտեղ Էբոլա վիրուսի բռնկում Է դիտվել:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գվինեայում հիվանդության բռնկման պահից սուր վիրուսային ինֆեկցիայի զոհ Է դարձել 4555 մարդ, վարակված են 9216-ը: Գործնականում մահվան եւ վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին: ԱՄՆ-ում երեք մարդ Է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել Է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել Է միայն մեկ մարդու մոտ: «Նիգերիայում գրանցվել Է մահվան ութ եւ վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել Է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված Է հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: