Գևորգ Քոչարի 4 հասցեում գտնվող «Sindy» գիշերային ակումբն ամեն օր անհանգստություն է պատճառում շենքի բնակիչներին: Գիշերային ակումբի դիմաց գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Մոսկովյան պուրակը և բնակելի շենք, որի բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ կորցրել են իրենց հանգիստը:

 

Ամբողջ գիշեր՝ ժամը 23:00-ից մինչև լուսաբաց, ակումբի այցելուները մեքենաների աղմուկով, մեքենաներից հնչող բարձր երաժշտությամբ, բարձր խոսակցություններով, հայհոյանքներով, ծեծկռտուքներով խանգարում են բնակիչների անդորրը:

 

Լուրեր.com-ի խմբագրություն դիմած բնակիչները, ովքեր չցանկացան ներկայանալ, մեզ հետ զրույցում ասացին, որ ակումբն իր գործունեությունն սկսում է կեսգիշերին, և քեֆ-ուրախությունը շարունակվում է մինչև առավոտյան ժամը 6-ը. «Բնակիչները հանգիստ չունեն: Գիշերային ակումբի գործունեությունը ոտնահարում է մեր իրավունքները, դիմել ենք պատկան մարիններին, քաղաքապետարան, բայց ոչ մի արձագանք: Քանի անգամ, մենք' բնակիչներս ենք դիմել ակումբի տնօրինությանը, դրսում աղմկողներին, բայց ամեն անգամ հո չե՞նք կարող դուրս գալ ինքներս բղավել, որ լռեն: Դիմել ենք անգամ ոստիկանություն, որ գան, կասեցնեն այդ ակումբի գործունեությունը, բայց այնտեղից մեզ ասում են, որ այդ գործառույթը պատկանում է միայն Տարոն Մարգարյանին»,- ասացին նրանք և հավելեցին, որ ոստիկաններն ակումբի դիմացից գրեթե ամեն օր բերման են ենթարկում հասարակական կարգը խախտող «հարբած այցելուներին»:

 

Գիշերային ակումբի աշխատանքը խաթարում է ոչ միայն բնակիչների հանգիստ քունը, այլ նաև «վանդալիզմի պատճառ» է դառնում: Հարբած այցելուները վերջերս ջարդուփշուր էին արել Մոսկովյան պուրակի կավե ծաղկամանները:

 

Բնակիչների խոսքով՝ բազում դիմումներ և բողոքներ են ներկայացվել քաղաքապետարան, բայց այնտեղ քար լռություն է: Ի դեպ, բնակիչը նշեց նաև, որ իրենց տեղեկություններով «Sindy» գիշերային ակումբը պատկանում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերներից մեկին՝ ոմն Ջոնի: