Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հույս ունի, որ առաջիկայում Փարիզում նախատեսվող Հայաստանի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը բովանդակային առումով նոր լիցք կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի դեսպանը:
«2014 թվականին մայիսին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախգահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց երկու երկրների նախագահներին հանդիպում կազմակերպել Փարիզում' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Առաջարկն ընդունվեց երկու նախագահների կողմից, և մոտ օրերս Փարիզում կկայանա Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը: Հանդիպման նպատակն է բովանդակային առումով նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին:
Ինչպես նաև' խթանել երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ստեղծմա նը, որն իր ազդեցությունը կունենա շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասաց դիվանագետը' ընդգծելով, որ հանդպմանը ևս մեկ անգամ կվերահաստատվի, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցված տարբերակին այլընտրանք չկա:
Երկու երկրների նախագահների հանդիպումը պատրաստելու նպատակով նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան, եղել Բաքվում եւ Երեւանում, հանդիպել երկու երկրների նախագահներին եւ արտաքին գործերի նախարարներին: Մինչ այս, տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են: Առաջին հանդիպումը կայացել է պգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, երկրորդը' սեպտեմբերի 4-ին Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: