Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Մամուլի ազգային ակումբի հրավիրած ասուլիսին դեսպանը նշեց, որ Հայաստանից հեռանալիս իր հետ տանելու է հայուհիների ժպիտները և խաչքար, որը, նրա գնահատմամբ, լավագույնս է արտահայտում հայկական ինքնությունը:

 

Անդրադառնալով մեր երկրում իր քառամյա գործունեությանը' դեսպանը նշեց, հայ-ֆրանսիական համագործակցության և գործընկերության բոլոր տարբերակները փորձել է գործի դնել և օգտագործել: «Քառամյա պաշտոնավարման ընթացքում ինձ բախտ է վիճակվել մասնակիցը լինել Ֆրանսիայի Հանրապետության երկու նախագահների այցերին Հայաստան: Ես Հայաստանից հեռանում եմ ոչ նվազ կարևոր իրադարձության նախօրեին. մոտ օրերս կկայանա Փարիզի գագաթնաժողովը, որի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:

 

Նրա խոսքով' տնտեսական ոլորտում շատ կարևոր առաջընթաց է գրանցվել' մասնավորապես ֆոնդերի կառավարիչ «Ամունդ» ֆրանսիական ընկերության հաստատումը Հայաստանում, ինչպես նաև' մոտակա ամիսներին ֆրանսիական «Քարֆուր» ընկերության ցանցի մուտքը: Անրի Ռենոն նաև հույս հայտնեց, որ վերջինն իր մուտքով բավականին արգասաբեր ազդեցություն կունենա ՀՀ արդյունաբերողների և սպառողների համար:

 

Բացի այդ, ֆրանս-հայկական տնտեսական ֆորումը նոր հեռանկարներ բացեց տնտեսական համագործակցության համար: «Ես իմ անմիջական մասնակցությունն եմ ունեցել 2011 թվականին նախագահ Սարկոզիի' Հայստան կատարելիք այցի նախօերին ֆրանս-հայկական գործարար ակումբի հիմնադրման գործում: Հաջորդ ձեռնարկը, որ ցանկանում եմ նշել, այն է, որ մեզ հաջողվեց պատրատել ՀՀ տնտեսությանը վերաբերող տեղեկատվական թերթիկ' ֆրանսիացի գործարարների համար»,- նշեց դեսպանը:

 

«Իհարկե, կարելի է միշտ ավելին անել: Սակայն սկզբում իմ կողմից նախանշված բոլոր գերակայությունները հաջողվել է իրականացնել»,- հավելեց նա:

 

Ղարաբաղյան հարցի զարգացումները և այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանին, հետագայում էլ մնալու են ֆրանսիացի դիվանագետի ուշադրության կենտրոնում: «Առաքելությունն ավարտելուց հետո ևս ամեն օր հետևելու եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- խոսքն ամփոփեց Անրի Ռենոն:

 

Անրի Ռենոն ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010 թ. հոկտեմբերի 25-ից: