Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագծում երկարաժամկետ բիզնես գործունեություն իրականացնելու համար երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր կցանկանան գործունեություն սկսել սահմանամերձ գյուղերում:
Ազգային ժողովում սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկե րից ազատելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան ներդրումներ կատարել սահմանամերձ համայնքներում, պետք է երաշխիքներ ունենան, որ երկու տարի հետո քննարկվող նախագծով սահմանված հարկային արտոնությունները չեն վերանա:
«Քանի որ մեր երկրում գործարարները շատ լավ գիտեն, որ մենք շատ հաճախակի ենք փոխում հարկային օրենսդրությունը, նրանք կարող են խուսափել սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելուց: Դրա համար ես առաջարկում եմ, որ քննարկվող նախագծում մենք սահմանենք, որ օրենք ի ուժի մեջ մտնելուց հետո սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը 20 տարի կազատվի հարկերից: Ես արդեն գրավոր առաջարկ եմ ներկայացրել և հույս ունեմ, որ կառավարությունը կընտրի այս առաջարկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ հակառակ դեպքում կարող է ծագել մի իրավիճակ, երբ որևէ մեկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումն ազատված է հարկերից, որևէ համայնքում ներդրումներ կատարի, սակայն երկու տարի հետո կառավարությունը որոշի, որ այդ արտոնությունները հանում է:
«Այս դեպքում արդեն կարող են խախտվել այդ մարդու բիզնես-պլանները, ով իր ծրագրերը մշակել էր՝ հաշվի առնելով այդ արտոնությունները, իսկ սա վնասակար կլինի ինչպես տվյալ անձի, այնպես էլ սահմանամերձ համայնքի համար, որտեղ նա ներդրում է կատարել: Դրա համար ես առաջարկում եմ, որ մենք հստակ երաշխիքներ սահմանենք»,- նշեց Մարուքյանը:
Նա նաև նկատեց, որ սահմանամերձ համայնքի բնակիչներին իրենց գյուղերի հետ կապելու համար ոչ միայն հարկավոր է ազատել հարկերից, այլ նաև փոխհատուցել նրանց կոմունալ վճարները, ուսանողների ուսման վարձերը, փոխհատուցել հակառակորդի կողմից հասցված վնասները: