Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԵՊՀ-ում է հյուրընկալվել գերմանական DAAD գրասենյակի գլխավոր քարտուղար Դորոթեա Ռյուլանդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա Հայաստան է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ղեկավարած պատվիրակության կազմում: ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է այն համագործակցությունը, որը մի շարք ֆակուլտետներ իրականացնում են գերմանական բուհերի ու տարբեր հաստատությունների հետ:

 

ԵՊՀ-ում, ռեկտոր Արամ Սիմոնյանից բացի, հանդիպմանը մասնակցել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք այնպիսի գործընկեր, ինչպիսին է DAAD-ն. չեմ կարող հիշել որևէ բացասական դեպք մեր համագործակցության ընթացքում: Մեր և գերմանական գիտակրթական հաստատությունների միջև կապերն էլ ունեն երկար տարիների պատմություն»,- նշել է Արամ Սիմոնյանը՝ հյուրերին հակիրճ ներկայացնելով նաև համալսարանի պատմությունը, ներկայիս կառուցվածքն ու գործունեությունը:

 

«Մինչև այստեղ գալը ես զրուցել եմ իմ կոլեգաների հետ և տեսել, որ բավականին լայն ցանց է գործում ձեր համալսարանի և գերմանական մի շարք համալսարանների (Հալլեի, Ռոստոկի և այլն) միջև: Այսօր ուզում եմ քննարկենք և հասկանանք, թե ինչպես կարելի է երկարացնել ու խորացնել այս համագործակցությունը»,- ասել է Դորոթեա Ռյուլանդը:

 

Հանդիպման ընթացքում համալսարանականներից յուրաքանչյուրը ներկայացրել է, թե ինքը որ բուհերի ու կենտրոնների հետ է աշխատում և ինչ մակարդակով: Տիկին Ռյուլանդը խնդրել է նաև կոնկրետ առաջարկներ ու գաղափարներ հնչեցնել, ինքն էլ կփորձի օժանդակել դրանց իրականացմանը:

 

Այս պահին Գենետիկայի և բջջաբանության ամբիոնը ծրագիր է իրականացնում Յենայի համալսարանի հետ, իսկ Սամվել Շուքուրյանը նշել է, որ իրենք արդեն մի քանի տարի է, ինչ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ մագիստրոսական ծրագիր են իրականացնում ՏՏ ոլորտում, շրջանավարտներն էլ ստանում են կրկնակի դիպլոմ:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետն էլ շատ սերտ հարաբերությունների մեջ է Մյունխենի և Հումբոլդտի համալսարանների հետ: Քիմիայի ֆակուլտետի դեկանն էլ ուրախությամբ նշել է, որ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ կադրեր պատրաստելու ծրագրի առաջին արդյունքներն արդեն կան. այս տարի մի երիտասարդ բարեհաջող պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Ֆակուլտետը ծրագիր է իրականացնում նաև գերմանական Կատալիզի ինստիտուտի հետ:

 

Աստվածաբանության ֆակուլտետն էլ արդեն երկար տարիներ համագործակցում է Հալլեի համալսարանի հետ. բոլորովին վերջերս համատեղ համաժողովով նշեցին հայ- գերմանական բարեկամության 100-ամյակը, իսկ ֆակուլտետում բացվեց գերմանացի հայագետների անվան լսարաններ:

 

Հանդիպման ավարտին առանձնացվել են կոնկրետ ուղղություններ, որոնցով համագործակցությունը պետք է զարգացնել, իսկ Ռյուլանդն առաջարկել է ևս մի քանի տարբերակ միջազգային դրամաշնորհներ ստանալու և գերմանացի գործընկերների հետ աշխատելու վերաբերյալ: